ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կպահպանի ՌԴ պատժամիջոցները «համենայն դեպս, ինչ-որ ժամանակ»: Նա չի բացառել պատժամիջոցները հանելը որոշակի պայմաններով: Թրամփը պատրաստ է պատժամիջոցները հանել, եթե Մոսկվան ապացուցի իր օգտակարությունը ահաբեկչության դեմ պայքարում և այլ նպատակների ձեռքբերման մեջ, որ կարևոր են ԱՄՆ-ի համար:
«Եթե մեզ հաջողվի լեզու գտնել, եթե իրոք Ռուսաստանը մեզ օգնում է, եթե ինչ-որ մեկը իրոք հիանալի գործեր է անում, ի՞նչ իմաստ ունի պահպանել պատժամիջոցները»՝ ասել է Դոնալդ Թրամփը: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հույս է հայտնել («Ես հասկանում եմ, որ նրանք կցանկանային ինձ հանդիպել և դա ինձ լիովին ձեռք է տալիս») և հավելել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև Չինաստանի, որին քննադատել է նախընտրական արշավի ընթացքում: Թրամփի հարցազրույցի հրապարակման օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրեց ՌԴ պատժամիջոցները ՈՒկրաինայի իրավիճակի պատճառով: Ռուսաստանը Վաշինգտոնի պատժամիջոցները համարում է հիմնազուրկ:
2016-ի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարեց 35 ռուս դիվանագետների արտաքսման մասին Վաշինգտոնից ու Սան Ֆրանցիսկոյից և նոր պատժամիջոցների սահմանման մասին հաքերային հարձակումների սկանդալի պատճառով՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ հաքերային հարձակումների հետևում ՌԴ իշխանություններն են, թեպետ նրանք կտրականապես դա հերքում են: Իր դիվանագետների արտաքսմանը Ռուսաստանը չպատասխանեց:
ВВС
Հ.Գ. Նախընտրական արշավի ժամանակ ամենաանհասկանալին թեկնածու Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն էր՝ նա «հեռակա» պատերազմներ էր հայտարարում Մեքսիկային, Չինաստանին, Իրանին՝ միայն հակառակվեր Հիլարի Քլինթոնին: Չորս օրից նախագահ դարձող Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը նույնքան անհասկանալի է, նա այդպես էլ հստակ որևէ տեսակետ չի հայտնել իր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ամենազավեշտալին նրա հորդորն է իր նշանակած պաշտոնյաներին, որ Սենատի հանձնաժողովներում հաստատման քննարկումներում արտահայտեն իրենց անձնական կարծիքը: Նրանք այդպես էլ անում են և բազում հարցերում այդ տեսակետը տարբերվում է Դոնալդ Թրամփին բարձրաձայնած տեսակետներից, ուրեմն ինչպիսի՞ն է լինելու հանրապետականների ընդհանուր քաղաքականությունը, ո՞վ և որտե՞ղ է ասելու վերջին ու որոշիչ խոսքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ